Категория:
Պատմվածքներ
Ձեռքսեղմում
Ես միշտ մտածում էի, արդյոք գրի առնել այս պատմությունը:Ու ինչքան մտածում էի, հասկանում էի, որ չպետք է թողնել այս ու այն կողմ ընկած թղթերի վրա, որոնք սակայն ես այնքան խնամքով էի պահում: Այս պատմությունն այնքան բարդ է, որ ես ինքս հաճախ խճճվում եմ ու անկախ իմ գիտակցությունից սկսում բարձրաձայնել, իսկ մի՞թե հնարավոր էր դա, իսկ եթե ոչ, եթե դա երազ էր: Գրելու ընթացքում հաճախ տեղիցս ցատկում եմ վեր, սկսում քայլել՝ փորձելով հասկանալ` ինչպե՞ս է դա հնարավոր: Ու գալիս եմ մի եզրակացության. հաճախ մենք զոհ ենք գնում կյանքի այնպիսի ալիքների, որոնք թվում են այնքան թեթև, բայց միաժամանակ անչափ ծանր են, ու այդ ծանրությունից սեղմվում են, վերածվում անձրևի կաթիլների: Ու մենք հանկարծ հայտնվում ենք այդ կաթիլների զարկոցից առաջացած ցավի ու տնքոցի տակ: Մենք կորչում ենք այդ փոքրիկ կաթիլների մեջ, բայց հետո, երբ ճանապարհ ենք գտնում (շատ հաճախ չենք էլ գտնում) հասկանում ենք, որ դա ընդամենը մի կաթիլ էր, բայց արդեն ավարտն է, որը միշտ լույս է բերում ճանապարհի վերջում:
Կրկին ճանապարհ: Այս անգամ այն ինձ տանում էր մի փոքրիկ քաղաք՝ Սբ.Բարբարա: Ես չէի ասի, թե այն Հունաստանի գողտրիկ քաղաքներից էր, բայց որ այն լի էր առեղծվածային մի անբացատրելի շնչով, անհերքելի է: Այն կարծես մի մագնիս լիներ, որ դեպի իրեն է ձգում յուրաքանչյուրին: Ես արդեն քաղաքում եմ:
-Բարև ձեզ,- այս ինչ եմ ասում,- ներեցեք, յասու:
-Յասու, -պատասխանեց ինձ շփոթված, ոտքից գլուխ ինձ զննող մի երիտասարդ:
Այս տղան մի խեղճ ու կրակ ձիու տեր էր, որն էլ ավելի խեղճ կլիներ, երբ իր ուսերի վրա զգար երկու ճամփորդի ծանրություն: Ես բավականին քայլել էի ու շատ հանկարծակի նկատեցի նրան:Նա ինձ պատահած առաջին անցորդն էր այս քաղաքում: Երեսուն րոպե քայլելու ընթացքում առաջինը հանդիպեցի նրան ու պետք է խոստովանեմ` անչափ ուրախ էի, քանի որ նա իր հետ փոխադրման միջոց ուներ, որը նաև կարող էր ծառայել ինձ: Հայերեն բարևելուց հետո զգացի, թե ինչքան տարօրինակ դեմք էր ընդունել, իսկ հետո, երբ անցա հունարենի ու բացատրեցի տիրող իրավիճակն, անմիջապես օգնություն առաջարկեց: Իսկ ձիու բախտը շատ բերեց, քանի որ տղան միայն ինձ առաջարկեց նստել: Ես զգում էի, որ իմ հոգու և մարմնի ծանրությունը խիստ ճնշում է ձիուն, բայց նա մաքառելով հասավ այն տափաստանը, որն ինձ անհրաժեշտ էր: Անմիջապես ցատկեցի.
-Էվխարիստո (շնորհակալություն),-ասացի ու շարունակեցի հունարենով,- ես եկել եմ այստեղ հնագիտական պեղումների համար: Դուք երևի տեղացի՞ եք…Հանկարծ կանգ առա, կիսատ թողեցի հարցս ու անմիջապես սևեռվեցի մի բանի վրա, որն աչքիցս չէր կարող վրիպել,-ներեցեք այս ինչ ձեռք է կախված ձեր գրպանից:
Նա շփոթվեց, բայց այնպես ծածուկ կերպով հանգստացրեց իր ներքին խառնված վիճակը, որ եթե հանկարծ ստեր, ես պարզապես կհավատայի:
-Օ՜, սա՜, սա ընդամենը խաղալիք է :Այն պատրաստված է հասարակ կավից: Մենք` տեղաբնիկներս, սովորություն ունենք երեխաների համար այսպիսի խաղալիքներ պատրաստելու, իսկ դուք որտե՞ղ եք իջևանելու:
Նրա պատասխանը չբավարարեց ինձ ու դա մեծ սխալ էր նրա կողմից:
-Եկեղեցուց քիչ հեռու. չեմ սիրում շքեղ կացարաններ: Ներեցե՛ք, իսկ կարող եմ մոտիկից նայել այդ ձեռքը:
-Այո, իհա՛րկե, համեցե՛ք մեր տուն: Ես քրոջս, եղբորս և հայրիկիս հետ եմ բնակվում: Ես ձեզ շատ այլ իրեր ցույց կտամ:
-Կներեք, բայց չեմ կարող :Հասկանում եք, վաղն ինձ համար կարևոր օր է,- մի կողմից էլ իմ կարճ պատասխանը նրան գցեց մտածմունքների մեջ:
Ես չհամառեցի նայել այդ ձեռքը, որը հասարակ արձան չէր, այլ հնագիտական մի նմուշ: Ես հասկացա, որ այդ երիտասարդը չեր ցանկանում, որ այդ ձեռքը հայտնվեր ինձ մոտ: Դա ևս մեկ անգամ համոզեց ինձ այն մասին, որ դա մի առեղծվածային արձանիկ էր:
-Ցտեսություն ,-պատասխանեցի ես ու արդեն հեռանում էի, երբ երիտասարդը մեկնեց իր ձեռքը` ցտեսություն մաղթելու համար: Արձանիկը համընթաց շարժվեց նրա ձեռքի ուղղությամբ, բայց ես այդպես էլ չկարողացա դիպչել այդ աներևակայելի ուժով օժտված արձանիկին: Ձեռքսեղմում, և ես հեռացա:
Ես արդեն իմ կացարանում եմ: Վերջինս բավականին համեստ սենյակ էր, որն աչքի էր ընկնում հունական զարդաքանդակների նուրբ շքեղությամբ և դորիական որոշ տարրերով: Որոշ ժամանակ անց, երբ բավականին տնտղել էի սենյակս, որոշեցի ծանոթանալ տեղանքին և տեղի բնակչությանը, իսկ դրա լավագույն միջոցը այցելություն ճաշարան: Պետք է ասեմ, որ հույները բավականին համեղ կերակրատեսակներ ունեն, բայց ես նախընտրեցի ավելի թեթև ուտեստ, որն ինձ բարեհամբույր վերաբերմունքով և մեղմ հայացքով մատուցեց միջին տարիքի մի կին:
-Շնորհակալություն, այստեղ շատ համեղ են պատրաստում:
-Օհ, աղջնակս, դու երևի այստեղի՞ց չես: Բարբարա քաղաքում ամեն ինչն են պատրաստում շատ համեղ, իսկ գաղտնիքը` հենց արևի շողերից սնուցված բանջարեղեններն ու մրգերն են :
Այս կինը, որ մեծ սեր ուներ զրուցելու, մի քանի ժամ միայն պատմեց, թե ինչպիսի ուտեստներ ունեն, բայց ես արդեն ձանձրացել էի ու որոշեցի օգտվել նրա շատախոսությունից` ուղղելով նրան ինձ հետաքրքրող հարցերը:
-Տիկին, իսկ Ձեր քաղաքի « Բաց քար» տարածքը որտե՞ղ է: Ես այնքան շատ եմ լսել դրա մասին: Ասում են այն իսկական բաց թանգարան է: Այնտեղ կգտնես ամենազարմանալի և հրաշալի արձանիկները:
-Այո, այո…Բայց այստեղ բոլորը վախենում են այցելել այնտեղ այս դեպքից հետո: Մի երիտասարդ….Օհ,օհ, այս ինչ եմ անում, նորից թռցրեցի…Ես չպետք է պատմեի, իսկ ուրիշ ի՞նչ եք կամենում,-շփոթված ու այլալված պատասխանեց տիկինը:
Իսկ ես շտապեցի նրան ընդհատել.
-Ոչ, ոչ ասացեք, ես այսուհետ այստեղ եմ բնակվելու, միևնույն է վաղ թե ուշ կիմանամ: Կարող եք վստահել ինձ:
Ես զգում էի, որ այս կինը վախենում էր ինչ-որ բան ասել, բայց իմ հետաքրքրությունը հասել էր գագաթնակետին. անպատճառ պետք է պարզեի, թե ինչ պատմություն է կապված այն տարածքի հետ, որտեղ ես պետք է պեղումներ իրականացնեի: Այդ տեղը միշտ էլ ինձ գրավել է: Ես շատ էի կարդացել «Բաց քարի» մասին: Այն յուրատեսակ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ բոլոր ներկայացված իրերը գտնվել էին հենց նույն տարածքից: Ըստ ավանդության այնտեղ է գտնվել «Կավե գլուխը», որը մոգական ուժ ունի և ընդունակ է վերացնելու բոլոր տեսակի հիվանդությունները և հավերժական առողջություն պարգևելու: Ու հենց այս հույսն էլ ինձ բերել էր այստեղ: Դա իմ նպատակն էր ` գտնել այդ արձանիկը: Ես չէի ցանկանում այս կերպ գումար աշխատել կամ հարստացնել իմ նմուշների ցանկը: Ոչ, ես համակված էի այն հույսով, որ կհասնեմ իմ նպատակին և կգտնեմ երազանքներիս երևակայական արձանը: Ես ցանկանում էի զգալ այդ մոգական արձանի շունչը.արդյոք դրա մասին ավանդապատումները համապատասխանում են իրականությանը: Բայց ինձ մանրամասն տեղեկություններ էին պետք այդ տարածքի մասին: Դա էր պատճառը, որ ես ստեցի կնոջը` հարցնելով, թե որտեղ է գտնվում «Բաց քարը»:
Վերադառնամ ինձ մեծ օգնություն ցուցաբերած տիկնոջը:
Ես դեռ ճաշարանում եմ.
-Լավ, տիկի՛ն, քանի որ դուք այդքան համեղ կերակուրներ ունեք, խնդրում եմ, բերեք ինձ հինգ տեսակի ավանդական հունական ամենաթանկարժեք ուտեստները:
Այս թմբլիկ դեմքով կնոջ փոքրիկ աչքերը փայլեցին` լսելով իմ ճոխ պատվերները:
Այո՛, իմ սիրելի՛ ընթերցող, ինձ ուրիշ միջոց չէր մնում. ես պարզապես կաշառեցի խեղճ տիկնոջը:
Անցավ որոշ ժամանակ, և իմ առջև բացված էր մի տեսարան, որը միայն շատ քաղցած երեխան կարող էր իր երազում տեսնել, իսկ ես ի հակառակ այդ ամենին ամենևին քաղց չունեի և ինձ համար բավական տհաճ էր այդ տեսարանը` ուտելիքների փառահեղ շքերթը:
-Խնդրեմ աղջիկս, այս ամենը քոնն են, բոլորն իմ ձեռքով են պատրաստված :այիր, հապա այստեղ նայիր, ամեն ինչ կա, տեսակ-տեսակ ,գիտես չէ նրանք անմահական են,-ոգևորված և արագ-արագ խոսում էր տիկինը, որի այդ անչափ երջանիկ տրամադրությունից օգտվեցի ես:
-Այո, ես համոզված եմ, տիկին: Ինձ շատ է դուր գալիս ձեր քաղաքը, ես վաղն ևեթ կգնամ զբոսանքի և անպայման կայցելեմ Բաց քար:Երևի ուշագրավ տեղ է.ախ, անհամբեր դրան եմ սպասում,- ես ստիպված էի այս ամբողջ խաղը խաղալ, բայց ես չէի կարծում, որ այս կինը ինձ կհամոզի ուտել այդ ամբողջ կերակուրը, դե ես էլ զոհ գնացի նրա ստիպողաբար ինձ կերակրելուն, բայց փոխարենը նա ինձ հետ խոսեց և այն էլ կարևոր բանի մասին.
-Աղջիկս, ես քեզ մի խորհուրդ եմ տալիս,մի գնա այդ տեղը:Հասկանում ես առաջ մարդիկ այնտեղ այցելում էին, քանի որ դա մի շատ հաճելի և գեղեցիկ վայր էր, բայց դեռ վերջերս, մի երիտասարդ,-նա ձեռքի մի շարժումով ինձ իր մոտ կանչեց, որ մեզ լսող չլինի ու շարունակեց,-վերջերս, մի երիտասարդ զբոսնում էր այնտեղ և ցանկացել է ծաղիկներ հավաքել, հանկարծ նա ուշագնաց է եղել :Բոլորն ասում են, որ այդ ծաղիկներից է, իսկ երբ նրան տուն են տարել, նրա աչքերի տակն ամբողջությամբ այդ նույն ծաղիկների գույնին էր:Հասկանում ես մինչև այժմ այդպես է նրա վիճակը, նա տանից անգամ դուրս չի գալիս: Պատկերացնում ես դա աղետ է. բնությունն ինքը մեզ վնասում է: Շատերը ցանկացել են արմատախիլ անել, բայց անմիջապես վարակվել են ծաղիկներից: Մենք` տեղացիներս, իրար ճանաչում ենք ու գաղտնի ենք պահել դա: Իսկ գիտես, որն է ամենաապշելին, որ նա առողջ է, լրիվ առողջ, պարզապես աչքերի տակ այդ շրջաններն են հայտնվել: Այո, այո, այդպես մի նայիր ինձ, ես լրիվ ճիշտն եմ ասում, դու կեր, կեր ու մի գնա այնտեղ, դու էլ կվարակվես ու հետո, էհ, Աստված գիտի ինչ կլինի:
-Իսկ այդ տղան երբևիցե բողոքել է իր առողջությունից,-հարցրի ես:
-Ոչ, ոչ,-պատասխանեց տիկինը:
Այս կնոջ պատմած պատմությունն ինձ այնքան էր ապշեցրել, որ ես հարցրեցի, թե որտեղ է բնակվում այդ տղան:Պատճառաբանեցի, թե օգնելու նպատակով, բայց ինչին օգնես, եթե այդ մարդն առողջ է, ուղղակի իր աչքերի տակ այդ կասկածելի ծաղիկների գույնի շրջանակներն են, որոնք չեն անցնում:
Տիկինը, որն արդեն ինձ բավականին տեղեկություններ էր տվել, բացատրեց,թե որտեղ է ապրում տղան: Իսկ թե այդ ինչ բույս է, որ այդպես ազդում է մարդկանց վրա, ես պարզել չկարողացա. կինը չգիտեր.
-Աղջիկս,-ասում էր ինձ տիկինը, -դու մի խառնվիր, անգամ մեր բժիշկը `պարոն Բատսոսը, չի կարողացել պարզել հիվանդության գաղտնիքը:
Եվս մի անձնավորություն, որ գրավեց իմ ուշադրությունը:Ես պարզեցի նաև նրա բնակվելու վայրը: Անչափ շնորհակալություն հայտնելով տիկնոջը` ես հեռացա ճաշարանից, երբ արդեն վեցն անց էր: Իմ մտքում երկու անձնավորություններ էին` երիտասարդ տղան և բժիշկ Բատսոսը: Իսկ Կավե գլխի մասին մոռացել էի որոշ ժամանակ, քանի որ այս նոր արկածային պատմությունը պարուրել էր ինձ իր ողջ հետաքրքրությամբ :
Ուղևորվեցի երիտասարդի մոտ:Ես նրանց տանն էի, թակում էի դուռը, իսկ այն բացում է շատ գեղեցիկ դիմագծերով մի աղջիկ, որը հազիվ տասը տարեկան կլիներ:Վերջինս ինձ քաղաքավարի բարևեց:Մենք զրույցի բռնվեցինք:Ես իմ հաճելի զրուցակցին ասացի, որ հնագետ եմ,լսել եմ, որ այդ տանը երիտասարդ կա հիվանդ, եկել եմ օգնելու: Մենք զրուցում էինք, հանկարծ դռանը մոտեցավ այն նույն երիտասարդը, որն ինձ իր ձիով բերել էր այս քաղաքը:
-Օհ, այդ դուք եք, ինչպես եք, -անմիջապես հարցրեց ինձ,-ներեցեք ,ես մոռացա ներկայանալ: Անունս Մանոս է, սա իմ քույրիկն է ` Մարիան:
Մենք դրսում էինք կանգնած, բայց որոշ ժամանակ անց արդեն տանն էինք: Այ քեզ զարմանք, այս տունը մի յուրովի փոքրիկ թանգարան էր, որի աջ անկյունում գտնվող պահարանի վրա կար քսաներկու փոքրիկ կապիկների արձանիկներ:Զգացվում էր, որ պատրաստված էին բռոնզից: Ես այնքան ուշադիր էի նայում, որ հասցրեցի դրանք արագ հաշվել:
Ես հիացմունքս էի արտահայտում այս ամենի մասին, երբ հանկարծ կողքի սենյակից լսվեց մի այլ տղայի ձայն.
-Եղբայր,կմոտենաս,-ես հասկացա, որ դա այն երիտասարդն էր, որը վարակվել էր առեղծվածային հիվանդությամբ: Նա Մանոսի եղբայրն էր:
Կողքի սենյակից լսվեց երկու եղբայրների խոսակցությունը.
-Մանոս, որտեղից հայտնվեց այս աղջիկը: Շուտով բժիշկն է գալու, նա ինչ-որ նորություն ունի: Ես դեռ ամաչում եմ այս տեսքով դուրս գալ:
-Լավ ես մի բան կմտածեմ, որ նա չտեսնի բժշկին,-պատասխանեց Մանոսը:
Ես ձևացրեցի, որ ոչինչ չեմ լսել և առաջարկեցի Մարիային ցույց տալ իր սենյակը:Նա համաձայնվեց, և մենք գնացինք մի շատ գունագեղ և գեղեցիկ սենյակ: Դա նաև Մանոսի ցանկությունն էր: Շուտով եկավ բժիշկը: Ես անկախ իմ գիտակցությունից անընդհատ ցանկանում էի դուրս գալ և տեսնել բժշկին: Բայց ես որոշեցի դուրս գալ` պատճառաբանելով, որ մի բաժակ ջուր եմ ցանկանում:Ես ու Մարիան գնացինք խոհանոց, ու ես ծածուկ տեսա բժշկին և լսեցի այս խոսքերը.
-Մանոս, դա կախարդանք է, ես վերջնական համոզվեցի դրանում: Այդ ծաղիկները աճում են միայն մի միասնական քարի վրա:Երբ այդ քարը մասնատվում է, ծաղիկները սկսում են բացասական ազդեցություն թողնել, այսինքն կախարդում են: Դեռ ավելին կասեմ, որոշ ժամանակ անց ծաղիկները կսկսեն ավելի ուժեղ ազդել:Եթե կարողանանք այդ քարը գտնել և կրկին գեթ մի սերմ ցանել այդ քարի վրա, որ նոր ծաղիկ աճի, այդ դեպքում մնացած ծաղիկները կկորցնեն իրենց բացասական ազդեցությունը:Ես ,չկարողանալով զսպել ինձ, միջամտեցի նրանց զրույցին.
-Այո բացասական ազդեցությունը կկորչի, եթե այդ ծաղիկները աճեն նորից այդ քարի վրա, սակայն մարդկանց հիվանդությունը չի վերացվի:
-Ո՞վ եք դուք,-հարցրեց ինձ բժիշկ Բատսոսը:
Ես չներկայացա, իսկ փոխարենը շարունակեցի.
-Այո, մարդկանց հիվանդությունը չի վերացվի:Եթե հիվանդն ինչ-որ կերպ կարողանա ազդել քարի վրա կամ հակառակը, նոր կվերացվի հիվանդությունը: Ինձ մի բան է բերել ձեր հիասքանչ ու անհասկանալի քաղաքը` կավե գլխի որոնումը, որը հենց այդ քարի մի մասն է:Այդ քարի անունը ԿԻՍԱՄԱՐԴ է, դա բաղկացած է գլխից, մի ձեռքից և մի ոտքից: Եվ դեռ մի բան ասեմ, Մանոս այդ ձեռքը, որ առավոտյան ես տեսա քեզ մոտ, ցույց տուր ինձ խնդրում եմ.
-Ի՞նչ, բայց ես այն գտել եմ մեր տան մոտից, ես գիտեի, որ այն թանկարժեք մի իր է, դրա համար չէի ցույց տալիս ոչ ոքի, ես դրա համար ստեցի Ձեզ, ներեցեք, պարզապես չէի ցանկանում,որ այն կորցնել:Վերցրեք, խնդրեմ,-զգույշ,բայց ձեռքը դողացնելով ինձ տվեց Մանոսը:
Բժիշկ Բատսոսն ապշած նայում էր, որովհետև հասկացավ, որ դարերն էին խոսում այդ ձեռքի մեջ, որ դա հենց նույն ԿԻՍԱՄԱՐԴԻ ձեռքն էր:
Մանոսի եղբայրը, որ տան ետևի մուտքով դուրս էր եկել, որ չտեսնեմ իրեն, տեղյակ չէր ոչնչից, իսկ փոքրիկ Մարիան զարմացած ու ակնապիշ նայում էր եղբորը:
Մենք բոլորով գնացինք իմ կացարան:Իմ անբաժան հնագիտական գիրքը, որը Կերամն էր գրել, ինձ մոտ էր: Մենք նայեցինք բոլոր նկարները.
-Տեսեք այս նույն նշանը պատկերված է այս ձեռքի վրա,նկարում այն ևս կա:Սա հենց ԿԻՍԱՄԱՐԴԻ ձեռքն է:Իսկ գլուխը, ես դեռ հույս ունեմ գտնել, պետք է պարզել, թե ինչպես են դրանք առանձնացել իրարից,- պարզաբանում էի, բայց այնքան էի հավատում, որ դեռ կա և գլուխը, և ոտքը:
-Ձեր քաղաքում միայն կայծակն է ավերիչ գործողությունների հիմք դառնում և քար կիսում: Ինձ թվում է քարը կիսվել է կայծակից, կայծակն էլ ցիրուցան է արել մասերը,- շարունակում էի ցույց տալ այդ փաստերը գրքերի միջոցով:
-Այո, դե իհարկե ուղիղ մի ամիս առաջ կայծակից մահացավ իմ ամերիկացի հարևան Բոբը: Նա այգում աշխատում էր, երբ հանկարծակի նրան հարվածեց հուժկու կայծակը.Բոբը մահացավ: Հենց նման մի կայծակէլ կարող էր կիսել քարը: Դրանից հետո մեզ մոտ կայծակներ չեն եղել,- ասաց բժիշկ Բատսոսը:
Մենք ուղևորվեցինք անմիջապես պարոն Բատսոսի տուն, բայց չկարողացանք որևէ բան պարզել:
Արդեն երեկո էր.մութն ընկել էր:Ես արդեն բավականին մտերմացել էի իմ նոր ընկերների հետ: Մեզ միավորել էր մի ընդհանուր բան ` այս զարմանահրաշ քաղաքում լուծել այս խնդիրը, որն ինքնին մի բարդ հարց էր:Բայց չէ որ ես հենց այդ մտադրությամբ էի եկել: Հայտնաբերել կավե գլուխը, որը ԿԻՍԱՄԱՐԴԻ մի մասն է: Ես խնդրեցի բժշկին էլ ավելի մանրամասն տեղկություններ բացահայտել այդ ծաղիկների մասին, քանի որ ես հաջորդ օրը պետք է գնայի Բաց քար` սկսելու իմ հետազոտական աշխատանքները: Բժիշկը համաձայնվեց ինձ օգնել: Մենք գնացինք մի գողտրիկ սրճարան, որտեղ սրճելուց հետո բաժանվեցի բարեկամներիցս:
Ես չկարողացա անմիջապես քնել. ինձ անընդհատ տանջում էին այս մտքերը:Լեգենդ, մենք հաճախ մտածում ենք, որ սա անիրական մի բան է, բայց ոչ, այս ամենն իրականություն էր չէ: Ես մերթ վախենում էի այս տարօրինակ ու անբացատրելի երևույթներից, մերթ հիշում, որ այս ամենը մասնագիտական տեսանկյունից հաստատված է. չպետք է երկնչել ու ետ կանգնել: Ես այնքան մոտ էի իմ երազանքի իրականացմանը, քանի որ այն կհարստացներ ոչ միայն իմ հնագիտական գտածոների շարքը, այլև մի նոր պատմության էջ կբացեր:Ես ՞տարված էի այս մտքերով, երբ հանկարծ դռան թակոց լսեցի:
Լուսադեմ էր.ժամը հինգը: Բժիշկ Բատսոսն էր. նա ներողություն խնդրեց և ներս եկավ: Մենք մի փոքր զրուցեցինք: Նա ինձ մի կտոր տվեց, որի վրա հակազդող նյութ կար: Խեղճ բժիշկ. նա ամբողջ գիշեր չէր քնել, պեղել էր, գտել էր մանրամասն տեղեկություններ այդ ծաղիկների մասին: Եվ ահա կարծես թե հաջողվել էր պաշտպանվելու միջոց պատրաստել.շատ հնարավոր էր, որ գլուխը կամ ոտքը գտնվեին ծաղիկների շուրջը: Ես շատ շնորհակալություն հայտնեցի նրան:
Առավոտ է: Չնայած ամբողջ գիշերն էր ինձ համար առավոտ: Ես արդեն Բաց քարում եմ: Երազանք, ու՞ր ես դու ինձ բերել,մի վայր, որը պարզապես ցնցեց ինձ: Ես հիացմունքից քարացել էի: Բառերով չեմ կարող արտահայտել զարմանքս ու սրտիս տրոփյունը: Իսկապես չգիտեմ ինչպես նկարագրեմ այն պահը, երբ քայլելուց հանկարծ ոտքս դիպավ մի քարի: Այն տեղաշարժելուց հետո տեսա մի կավե ոտք Նույն նշանը. այն էր ինչ պետք էր: Ինչ ես փնտրում էի, բայց ամենակարևորը ` կավե գլուխը, դեռ չկար: Ինձ երկար ու ձիգ փնտրտուքներ էին սպասվում: Այս պեղումներս անհաջող անցան: Ես չգտա կավե գլուխը: Վերադարձա միայն այդ ոտքի տեսք ունեցող արձանով: Երեք օր շարունակ ես փնտրում էի, բայց արդյունք չկար, բայց հասկանում էի, որ պետք է շտապել:
Արդեն մի շաբաթ է անցել ինչ ես Բարբարա քաղաքում եմ:
Յոթերորդ օրվա առավոտը. ես արթնացա ու որոշեցի զբոսնել այգով: Իմ պատուհանի տակ իր ողջ եդեմական գեղեցկությունն էր սփռել մի չնաշխարհիկ պարտեզ: Ես միայնակ էի, բայց հանկարծ դեպի ինձ վազեց փոքրիկ Մարիան:
-Ողջուն, ողջույն, ողջույն,Յասու, յասու…,- փոքրիկ գեղեցկուհին երգում էր: Որոշ ժամանակ անց ես միացա նրա երգին: Մենք երգեցինք, իսկ հետո փոքրիկ աղջնակն առաջարկեց բռնոցի խաղալ: Մինչև հիմա ես այնքան երջանիկ եմ, քանզի չեմ մերժել նրան: Որովհետև, եթե մերժեի, չէի հայտնվի այնտեղ, որտեղ…
Տարվելով խաղով` մենք հեռացանք պարտեզից ու հայտնվեցինք մի ամայի տափաստանում, որտեղ Մարիան անզգուշաբար բախվեց մի մեծ քարի:
Ես չէի կարող երևակայել, որ մանկական խաղի ավարտը կբերեր իմ երազանքների կատարմանը.Կավե գլուխը գտնված էր:
Ես և Մարիան ուղևորվեցինք Մանոսենց տուն: Բժիշկն այնտեղ էր: Նա ապշած նայում էր ինձ և Մարիային:Իսկ հետո, երբ միացրեցինք ԿԻՍԱՄԱՐԴԻ բոլոր մասերը, շտապեցինք դեպի Բաց քար, Մանոսի եղբայրը մոտեցավ այդ քանդակին:Իսկ նա ոչինչ չարեց. պարզապես ձեռքսեղմում ԿԻՍԱՄԱՐԴԻ հետ և հիվանդության վայրկյանական անհետացում: Նրա աչքերը սկսեցին փայլել պարզ արևի տակ: Ու դրանից հետո շատ մարդկանց աչքեր փայլեցին ու հավերժական առողջությունը հյուր եկավ այդ քաղաքը:
Մի ձեռքսեղմում, որն իր մեջ խտացրել էր դարերի պատմությունը առեղծվածային լեգենդի տեսքով:
Պտտվում է կյանքի անիվը: Մենք կապված ենք անցյալի հետ, կապված ենք ներկայի հետ: Անցյալն ազդում է ներկայի վրա:Ժամանակ, որ լուծում է ամեն խնդիր:
Եվ չզարմանաք, եթե մի առավոտ արթնանաք ու ձեր առաստաղին տեսնեք մումիայի հայացք: Ամեն վայրկյան մենք կարող ենք ճանապարհորդել Ժամանակի մեջ, տեսնել, զգալ այն: Դա կարող է միայն մարդը:Այստեղ ձեռքսեղմումը, մի տեղ համբույրը կամ մի այլ բան: Առասպելները լոկ պատմություններ չեն. նրանք մեզ հետ են, քանզի խառնվել են ժամանակի սլաքներն ու ուղղությունները: