Категория:
Պատմվածքներ
Անակնկալ նվեր
Մարդ արարածը երկրի երեսին գտնվող ամենաանհասկանալի, բայց և բացահայտված ու հիասքանչ էակն է: Ինձ համար շատ քիչ մարդիկ կան, ովքեր իսկապես հարազատ են ինձ, ովքեր իսկապես անկեղծ են ու բարի: Նրանք այն մարդկանցից չեն, որ ժպտում են՝ նայելով իմ աչքերին, իսկ ետևից՝ կեղծ քմծիծաղում: Ես անչափ սիրում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես իմ սրտում են: Այդ մարդկանցից մեկն էլ՝ Անահիտն է՝ իմ ամենամտերիմ ընկերը: Ընկեր, որի հետ կարող եմ կիսել իմ սրտի գաղտնիքները. անձնավորություն, որ իր մեջ է խտացրել մարդկային բարոյական արժեքների մի ողջ գանձարան: Վերջապես նա մի ընկերուհի է, ով ատում էր սուտը և ինչպես ինքն էր ասում՝ փորձում էր չստել: Մենք միմյանց առանց վարանելու կարող էինք ասել. «Սա սխալ է, իսկ սա՝ ճիշտ»:
Ինձ համար նա շատ թանկ և հոգեհարազատ մարդ է, իսկ նրա ծննդյան տոնը անփոխարինելի և հիշարժան մի օր:
Այդ օրը ես վաղ էի արթնացել: Սովորականի պես նայեցի օրացույցին, ու դեմքիս ինչ որ փայլ հայտնվեց: Ու առաջին միտքը, որ եկավ ինձ առավոտ-գիշերով, այն էր, թե ինչ եմ նվիրելու ընկերուհուս: Ես որոշեցի գնալ զբոսնելու. «Միգուցե ինչ — որ հանճարեղ գաղափար ծնվի իմ գլխում»: Ես զբոսնում էի և հանկարծ չգիտեմ թե որ հեռու –մոտիկ ափերից հիշեցի այս պատմությունը: Երբ ես ու Անհը (սովորաբար ես նրան այսպես էի ասում) գնացել էինք ամռանը իրեց գյուղ՝ նշելու իր մայրիկի՝ տիկին Անուշի ծննդյան տոնը, նա ինձ մի պատմություն պատմեց:
Մենք այգում էինք ու ծաղիկներ էինք հավաքում տիկին Անուշի համար: Նա այդ օրն ի զարմանս ինձ տխուր էր: Եթե ավելի ուշադիր նայեի, կհասկանայի, որ դեմքին գույն չկա:
«-Անհ, ինչ է պատահել: Դու ասյօր քեզ ընդհանրապես նման չես, այդ դու չես: Հիմա պետք է թռչկոտեիր ուրախությունից, բայց փոխարենը ինձ ես նվիրում քո տխուր դեմքի արտահայտությունը:
— Լուս, դու չես հասկանա, թե ես ինչ եմ զգում:
Ես չխոսեցի այդ պահին, որովհետև հասկացա, թե ինչն էր նրան այդքան տանջում:
-Գիտես ամեն երեկո նայում եմ երկնքին այն հույսով, որ կզգամ նրա շունչը: Այնքան եմ ուզում տեսնել նրան երազիս մեջ, բայց ոչ. ես չեմ տեսնում նրան անգամ իմ երազում: Ինչու՞, ինչու՞ հայրս հիմա այստեղ չպետք է լիներ: Նա պետք է հիմա իմ ու մորս կողքին լիներ: Պիտի առավոտյան արթնացներ մորս ու շնորհավորեր, այլ ոչ թե ամեն սեղան նստելուց մեր հարազատներն ասեն, որ փառք այդ մեծն հայրենասերին: Ես էլ չեմ հավատում, սուտ է այդ ամենը: Թող չմահանար, թող ինձ հետ մնար, ես աշխարհում ամեն ինչից շատ նրա կարիքն եմ զգում:
Ու հեկեկում էր նա, իսկ ես շփոթված էի, բայց հավաքվեցի ու ասացի.
-Անհ, Անհ ջան, իմ սիրուն, իմ խելոք Անհ: Չէ որ դու գիտես, որ հորդ հիշատակը դու պետք է բարձր պահես՝ լինելով նրա պես հպարտ ու ուժեղ, արի ու հզոր, այլ ոչ թե թույլ: Նա գնաց ու զոհվեց. զոհվեց հանուն շատ մայրերի ու երեխաների ապահովության: Նա փրկեց շատ զավակների կյանք, որոնք այժմ ապրում են: Աստված սիրեց հորդ ու դուք հիմա կաք: Կան և այն մարդիկ, որոնց ազատության համար պայքարել է հայրդ: Դու նրա զավակն ես. լացը քոնը չէ:
— Ես ուզում եմ գոնե մի նկար կամ մի բան, հասկանում ես ինչ-որ բան նրանից ունենալ, ուզում եմ ամեն գիշեր նայել նրա նկարին ու զգալ նրա շունչը:
Գիտես հայրս մի թալիսման է ունեցել, որն իր ընկերոջ մոտ է, իսկ նա Աստված գիտի, թե որտեղ է: Ախ, այնքան կուզեի, որ այդ թալիսմանն աժմ ինձ մոտ լիներ:
-Բայց հայրդ նամակներ է գրել պատերազմի տարիներին մորդ: Նա միշտ հիշել է ձեզ, հիշել է, որ նորածին բալիկ ունի ու հենց հանուն քեզ նա շտապել է պատերազմի դաշտ:
-Լավ է այդ նամակները կան, իսկ թալիսմանն ...
Ու նա կանգ առավ.այլևս չխոսեց»:
Ես այս պատմությունը հիշեցի ու ինչ-որ մի միտք սկսեց ինձ տանջել ու ես առանց մի րոպե անգամ վարանելու շտապեցի Անահիտենց տուն, իսկ նա դեռ քնած էր: Ես շտապեցի տիկին Անուշի մոտ: Խնդրեցի նրանից Անահիտի հոր պատերազմի ժամանակ գրած նամակները՝ պատճառաբանելով, թե պատմության ռեֆերատ եմ պատրաստվում գրել: Ես վերցրեցի նամակները ու սկսեցի մեկիկ-մեկիկ ընթերցել դրանք: Կարծես թե այս մութ պատմության մեջ, որ ես ինքս էի ստեղծել, բայց և որին այնքան հավատում էի, երևում էր իրականություն :Նամակներից մեկում գրված էր, որ հայրը խրամատում կորցրել է թալիսմանը, որը նրան օգնում էր ամեն տեղ ՝ թե աշխատանքում, թե պատերազմի դաշտում և ցանկացած այլ իրավիճակում: Իսկ հաջորդ նամակում ես ընթերցում եմ, որ Արթուրը գտել է այդ թալիսմանը: Ես առանց վարանելու վազեցի տիկին Անուշի մոտ ու հարցրեցի Արթուրի որպիսության մասին: Նա ինձ ասաց, որ Արթուրի մասին հինգ տարի ոչինչ չի լսել, միայն գիտի, որ Օձուն գյուղում էր ապրում: Թեև տիկին Անուշը շատ էր զարմացած, բայց քիչ հարց էր տալիս. նա պատրաստությունների մեջ էր:
Իսկ ես, որ այնքան հավատում էի Արթուրին, շտապեցի ավտոկայան: Նստեցի առաջին իսկ պատահած երթուղայինը. ճանապարհ դեպի Օձուն: Ես ճամփին շատ էի մտածում, իսկ միգուցե այդ պարոնն այնտեղ չլինի:
Երբ հասա գյուղ, առաջին իսկ պատահած անցորդից տեղեկացա Արթուրի մասին: Չ՞է որ նա Արցախյան պատերազմի մարտիկներից է. բոլորը ճանաչում էին նրան այդ գյուղում: Եվ այնքան մեծ եղավ ուրախությունս, երբ իմացա, որ Արթուրը ապրում է այդ գյուղում: Ես շտապեցի նրա տուն: Երբ ներս մտա, զգացի, որ այդքան էլ ցանկություն չունի հյուր ընդունելու: Բայց այնուամենայնիվ երկար զրուցեցի այդ ծանրաշարժ մարդու հետ, որը բավականին դժվար էր խոսում: Իսկ երբ լսեց տիկին Անուշի մասին, մանկան պես վեր թռավ: Ես պատմեցի Արթուրին Անահիտի մասին, թե ինչքան է նա երազում հոր մասին: Վերջապես ինչ-որ եզրեր գտնելով ասացի, որ ընկերուհիս պատմել է ինձ թալիսմանի մասին, որ ունեցել է հայրը: Ես հարցրեցի Արթուրին, իսկ նա ապշած ինձ էր նայում և ընդամենն այսքանն ասաց.
-Ես ու ընկերս այնքան մոտ էինք, մեր ընկերությունը նույնքան կուռ է, որքան ձերը, քանզի դու իսկապես ցանկացել ես գտնել դա ու գտել ես: Այո, թալիսմանն ինձ մոտ է:
Ես քարացել էի. որոշ ժամանակ ոչինչ չէի ասում, բայց հետո հարցրեցի, թե ինչու չի տվել թալիսմանը տիկին Անուշին: Չէ որ Անուշը շատ թանկ է Արթուրի համար, իր ընկերոջ ընտանիքն էր, նա պետք է տար այդ թալիսմանը: Բայց թե ինչու Անահիտի հայրը չի ցանկացել փոխանցել այն ընտանքիքին, ես պարզել չկարողացա, միայն այնքան համոզեցի, որ նա ինձ տվեց թալիսմանը և դեռ ավելին՝ եկավ ինձ հետ Երևան:
Արդեն երեկո էր. մենք բացեցինք դուռն ու ներս մտանք Անահիտենց տուն: Ընկերուհուս սև և խոշոր աչքերն ինձ էին փնտրում և գտան.
-Լուսո՞, ու՞ր ես կորել:
-Սա քեզ Անհ, շնորհավոր ծնունդդ:
Լսվեց տիկին Անուշի ձայնը.
-Արթուր:
Իսկ իմ Անահիտը ապշահար ինձ էր նայում, իսկ հետո փարվեց ինձ ու շշնջաց.
-Շնորհակալ եմ: Ես քեզ շատ եմ սիրում:
Նա արյան կանչով զգաց, որ դա իր հոր թալիսմանն է: Նա կապեց այն իր թևին ու սկսեց արտասվել, իսկ ես այնքան ամուր էի գրկել, որ հանկարծ չնկատեն նրա արցունքները: