Այն աշխարհը


Թևավոր էին երազները,
Ոչ մենավոր իմ խոհերը,
Այդ աշխարհը ինձնից հեռու ,
Սեգ ու անպարտ և ահարկու,
Կարոտագին սրտիս կապված,
Իմ հոգում է բանտարկված:

Եվ մնացին այդ աշխարհում,
Հուշեր դարձան թևավոր,
Խառնվեցին օդ ու ջրին
Օրերը պարզ ու խրթին:

Հիմա մի այլ փայլուն երազ,
Գրավել է սրտիս մի մաս,
Բայց այն աշխարհը հրաշքներով լի
Դարձրեց իմ կյանքը հրաշալի:

Եվ կարոտով ես գնում եմ ,
Դեպ ինձ կանչող իմ օրրանը,
Թեկուզ հեռու, բայց միշտ տենչող,
Արցախ աշխարհ իմ բնօրրանը:
Комментариев: 0

Դիմակները


Ես կանգնած եմ միայնակ,
Վերից իջավ մի փակ դիմակ,
Տաք ձեռքերով հրեշտակային,
Տարավ լույսը դեպ հատակ:

Ես կանգնած եմ շվարած,
Շուրջբոլորս վառ շպարված,
Դիմակներ են երկերես,
Որ ժպտում են աներես:

Ես փորձում եմ հեռանալ.
Դիմակների մեծ հեղեղ,
Մեկը` գունեղ, մյուսն` ահեղ,
Ես ուզում եմ մոռանալ:


Հետապնդող մի հայացք,
Ահա և լույս մի բացված,
Ես ուրախ եմ, ժպտադեմ,
Լույս է վառվում իմ դեմ:

Եվ մի ձայն է ինձ կանչում,
Կանչում ու ինձնից է կառչում.
-Երբ, դիմակներ շուրջդ տեսնես,
Գուցե վախենաս ու լուռ հեռացնես:
Ես ստեղծեցի դիմակներ երկկողմանի,
Բայց չասացի, թե դարձեք երկերեսանի…

Ախ, դիմակներ, դիմակներ,
Շողոքորթող ու կեղծող,
Մարդու հոգին հավերժ կրծող
Թեթև, փափուկ դիմակներ:

Հարմարեցվող դիմակներ,
Դեմքի ձևին, կառուցվածքին,
Բայց առավել հարմարեցված 
Արարքներին կատարած:

Ես նայում եմ ու մտածում, 
Ինչքան շատ են, անհամար,
Նրանք կարծես ցավ են բերում,
Ու ցավ ստեղծում ինձ համար:

Եվ զայրացած դիմակների կեղծ հայացքից,
Դիմակների սուտ նայվածքից,
Հարձակվում եմ նրանց վրա ագահաբար` 
Պատառոտելով նենգ դիմակները դաժանաբար:

Թող այս կյանքում դիմակները փայլեն բեմում,
Բազմազան ու այլազան թող լոկ ճախրեն հանդեսներում,
Թող դիմակներ կրեն միայն կյանքում դերասաններն արի,
Կյանքը բեմ է, թող որ կյանքում դիմակները լինեն բարի:
Комментариев: 0

Չարին հակահարված


Մի փակեք ձեր աչքերը, և բացեք ձեռքերը,
Երբ սուտը չարի հետ ձեռք ձեռքի տված,
Գալիս պատում է ձեր հոգին այլալված
Ու փակում ձեր աչքերը խանդավառված:

Մի փակեք ձեր աչքերը, և բացեք ձեռքերը,
Երբ խառնաշփոթ այս աշխարհում,
Ցավ,ատելություն օր-օրի արմատանում,
Ձեզնից են կառչում, ամուր, պինդ կպչում:

Կգան դեպի ձեզ սուտ թե ցավ, տանջանք,
Դուք ձեր աչքերը միշտ լայն, բաց պահեք,
Դուք ձեր ձեռքերը երբեք մի բացեք,
Մի հրավիրեք նրանց դեպ ձեր կյանք:
Комментариев: 0

Ներել


Մենք այս կյանքում շատ ենք ստում,
Եվ շատ հաճախ սխալներ գործում, 
Բայց ներում ենք մենք պահանջում,
Շարունակ ներողներ փնտրում: 

Մենք այս կյանքում այնքան դժվար,
Հպարտ ու վեհ ենք ՆԵՐԵԼ բառն ասում,
Եվ դառնում անչափ անկար,
Երբ ինքներս ենք ներում շնորհում:

Մոգական բառ է ներել, ներիր ինձ,
Մարդկանց սրտերից ջնջվել է անհետ,
Եվ ինչ հոգ տխուր թե թախիծ,
Պատել է հոգիդ մեղմ ու անբիծ:

Ու ինչ են անում մարդիկ անհոգի,
Նրանք ստեղծում են լոկ կյանք ցավալի,
Ինչու՞ այդպես դաժան վարվել,
Եթե կարող ես պարզապես ներել:

Մարդիկ, որ դարձել եք դուք ցավին սովոր,
Ներեցեք, այլ ոչ թե ցավ պատճառեք ամեն օր:
Ներեցեք, բայց ոչ հայացքով խեղկատակ,
Փորձեք թվալ լավն` անելով կատակ:
Комментариев: 0

Սերն այն լեզուն է, որով խոսում է ողջ տիեզերքը

Երեկո էր...Այն տխուր երեկոներից, որ ես հաճախ էի զգում վերջերս: Ես քայլում էի՝ չհասկանալով, թե ուր և ինչու: Քայլերս մերթ արագանում էին, մերթ՝ դանդաղում: Քայլում էի այդ ճնշող մթության միջով, ու կարծես խավարն էլ ավելի էր ազդում իմ հոգեվիճակի վրա: Բոլոր հույզերս խառնվել էին իրար, հոգումս զգացմունքների մի մեծ հեղեղ էր, իսկ սիրտս՝ պատված անդնդախոր վերքերով ու ակոսներով, կարծես կրում էր աշխարհի ողջ ցավը: Ու ես այն մարդ արարածն էի, որ մեղք էր գործել ու այժմ տանջվում էր այդ զգացումից. տանջվում էր այն մտքից, որ իրեն կասեն՝ «քարկոծել», «չ՞է որ նա է կոտրել ճյուղը, վնասել ու վերացրել, քարկոծե՛լ, քարկոծե՛լ»: Անընդհատ դրա մասին էի մտածում ու որքան շատ էի մտածում, հասկանում էի, որ մարդկային էակը չի կարող զերծ մնալ գարշելի մեղքից. նա ամեն վայրկյան զգում է դրա համը: Ես էլ զգում էի դրա համը և այդ իրականությունից զայրանալով շարունակ քայլում էի: Քայլում էի այս մտքերին չդավաճանելով:
Չզգացի էլ, թե ինչպես ոտքերս կարողացան տանել այդքան ցավով լցված մարմինս: Բայց ես հասա մի բացատի ու որպես մի անշունչ էակ զարկվում է պատին և ցած ընկնում, այդպես էլ ես ցած գլորվեցի թաց ու խոնավ խոտի վրա: Մի այլ զգացում էր դա, երբ մի նոր շունչ եկավ ու զովացրեց կրակից բռնկված մարմինս: Կարծես մի քանի ակնթարթ մոռացել էի իմ այդ տխուր ու միայնակ հոգեվիճակի մասին: Ջրի նուրբ կաթիլները զգալով՝ ես հասկացա, որ ինչ որ բան էր փոխվել:

«Լաց են եղել անձրևները,
Լաց են եղել ինձ համար,
Միթե սեր կա դեռ անհամար,
Միթե կերգեմ նորից քեզ համար,
Կդառնամ մանուկ` աչքերով վճիտ, 
Խելառ ու խենթ հայացքով մի հպտիտ,
Ժպտացող անվերջ և սիրող հավերժ»:

Ի՞նչ կատարվեց. դա ես չհասկացա: Բայց մի պահ չէի հիշում ցավիս մասին, որ կորցրել եմ ինձ համար թանկ մի մարդու, որ նա այլևս չկա, որ էլ չեմ տեսնելու նրան: Բայց գիտեի, որ դեռ սրտումս մի ուրիշ բան կար՝ սեր, որ մնացել էր, դեռ ապրում էր: Չգիտեմ ինչու դա ստիպեց ինձ հասկանալ, որ դեռ հույս կա, կա լույսի մի նշույլ, որ միգուցե կփոխի ամեն ինչ: Ինձ հետ միասին ցավում են անձրևները, լաց են լինում. հենց դա էր իմ հույսի կենարար աղբյուրը, կյանքիս շունչ տվող միակ գործոնը. «Մի՞թե ես և դու, մենք՝ ագահ ու դաժան մարդիկ, որ ունակ ենք ցավեցնել իրար, մի՞թե մենք՝ վայրագներս, որ ունակ չենք ապրել բարով, նայել արևածագին ու իրիկնամուտին՝ աղոթք անելու ու երգ երգելու, մի՞թե մենք այդքան կապված ենք բնության հետ:»
Այս խոսքերը կարծես երկրաշարժի ենթարկված շենքի պես գնում ու գալիս էին գիտակցությանս մեջ: Ես մնացի գիշերն այդ բացատում: Այդ գիշերն ամենաերկարն էր ու ամենակարճը:
Լուսացավ… Ես հույս ունեի, որ շուրջս դեռ թաց կլիներ ու անձրևներ՝ ինձ հասկացող ու ցավս կիսող անձրևներ: Ես չէի ուզում այդ օրն էլ զգալ տխրություն ու միայնություն: Այս բառերն անկախ ինձնից հրաբխի պես դուրս ժայթքեցին իմ սրտից.

«Դժկամ ու դժմիտ, ի՞նչ ես մտածում,
Բացիր աչքերդ, նայիր աշխարհին:
Նստել ես ճամփին, սպասում երազներին.
Նրանք չեն գալու ու քեզ շոյելու,
Նրանք չեն գալու քեզ բարև տալու,
Կոտրվեց ճյուղը, ճյուղն անմահական,
Կորան ընդհատակ երազներն դաժան:
Քաղցր ես նիրհում, քաղցր ես խորհում,
Բայց շատ ես ճախրում դու դեպի հեռու,
Առաջ դու նայիր, դու ետ ես նայում,
Շուտով կդառնաս ցնդած մի ուրու:»

Ես պահում, փայփայում էի իմ սերը, բայց կորցրեցի այն: Դա նույնքան դաժան է, որքան կոտրես մի բալենու ճյուղ, որն ուզում է ապրել ու արևը տեսնել, ուզում է շնչել ու ծաղկել: Ամեն ինչ կորած էր. կորել էր այն ամենանվիրական ու անկեղծ սերը, որ ես ջերմացրել էի իմ սրտի մի փոքրիկ անկյունում: Ցավում էր սիրտս, քանզի միայնակ էր մնացել:
Ես մտածում էի, թե լաց են եղել ինձ համար անձրևները, եկել են օգնելու, հույս տալու, բայց ոչ. ինձ մնում էր միայն քայլել այդ անծայրածիր ամայության մեջ: Ես քայլում էի ու երազում, որ երանի նա այստեղ լիներ, երանի գար ու ասեի նրան, որ դեռ իմ սրտում կա, ապրում է սեր՝ փոքրիկ ու պարզ աչքերով մի անմեղ մանուկ: Նայեցի վեր, իսկ այնտեղ տեսա աստղեր: Չզգացի թե, երբ հասցրեց մթնել: Ես սկսեցի վստահ քայլել, բայց այս անգամ գիտեի, թե ուր: Գնում էի այնտեղ, որտեղ առաջին անգամ տեսել էի նրան: Հասա. լիճը դեռ նույնն էր, ոչինչ չէր փոխվել՝ բյուրեղի պես փայլող ականակիտ մի լիճ: Բայց մի բան փոխվեց, երբ նայեցի լճի մեջ: Իմ դեմքի կողքին մի վիթխարի լույս տեսա, որ փայլեց այդ լճի մեջ:Ես նայեցի ու տեսա նրան. իմ դեմքի կողքին արտացոլվեց նրա հրաշք պատկերը:
-Դու՞:
-Ես:
-Իսկապես՞:
-Ըհը:
-Տխու՞ր ես:
-Ոչ:
-Իսկ ես՝...:
Ժպիտ ու էլ ոչ մի բառ. չկար պատասխան: Իսկ ես պտտվեցի ու նայեցի վեր. իմ ընկերները ՝ անբաժան աստղերը, դեռ այնտեղ էին: Ես ինձ զգացի տիեզերքի ամենաանբաժանելի մասը՝ ինչպես աստղերը: Ես հասկացա, որ տիեզերքինն եմ.

-Այո, խաբեցի քեզ ու հեռացա ես, 
Ես մեղք գործեցի ու սեր սպանեցի,
Որ նոր էր ծնվում, աչքերը բացում,
Բայց սա էր ցավը մեր լուռ սրտերի,
Որ ապրում էինք սեր անթույլատրելի:
Ես քանի երկար օրեր եմ զգացել տխուր ու մենակ,
Սիրտս էլ պապակ քո ձայնին հստակ:
Իսկ հիմա այստեղ ես,
Ես գտա քեզ վերջապես:
Տես տիեզերքը, որ չունի եզերք,
Կարծես լինի մի հրաշք ձեռք, 
Որ նվիրել է մեզ սեր:
Որտեղ էլ նայես, կտեսնես դու սեր.
Ամենքն են սիրում ու սիրով ապրում.
Թաց ու լուռ անձրև, 
Լիճն այս տձև,
Աստղեր, բալենի
Սերն են զգում սիրելի:

Ես վերջապես լռեցի ու հանգչեցին խոսքերս նուրբ, որոնց մեջ խտացված էին իմ զգացմունքները սուրբ:
Երկար լռություն: Նա պարզապես նայում էր աչքերիս առանց թարթելու: Մեկ, երկու, մի քիչ էլ անցավ, փակեց աչքերս, իսկ հետո՝ բռնեց ձեռքս ու փակ էին նաև նրա աչքերը: Նա դարձավ բյուրեղ՝ լճի սրտում մի փայլփլող բյուրեղ, իսկ ես՝ լուսին: Ես տիեզերքի գրկում էի՝ այնտեղ, ուր հավերժության մեջ պետք է մեր սերը դրոշմվեր: Ես նայում էի նրան, նա էլ ինձ: Մենք էլ չէինք կարող բաժանվել կամ կորցնել իրար. Մեր սերը կապրի հավերժ: Այն կկոտրվի մի մաքուր բյուրեղի պես միայն այն ժամանակ, երբ Աստված վերջ տա իր ստեղծած հրաշքին: Նա բյուրեղ էր լճի խորքում, իսկ ես՝ լուսին տիեզերքում:
Այժմ էլ ես՝ Լուսինես, ապրում եմ իմ ստեղծած փոքրիկ տիեզերքում, ես սիրում ու սիրվում եմ այնտեղ: Ես երջանիկ եմ, քանզի գրում եմ իմ սիրո մասին, քանզի զգացել եմ, որ մենք՝ բնության բոլոր տարրերս, խոսում ենք իրար հետ այդ համընդհանուր լեզվով՝ սիրո չքնաղ լեզվով: Երանի բոլոր մարդիկ աշխարհի սիրեին ու սիրվեին:
Մարդի՛կ համայն աշխարհի, սիրե՛ք իրար, մի՛ կոտրեք բալենու ճյուղեր և մի՛ փշրեք բյուրեղյա հոգիներ: Սերը միշտ էլ կգա ձեզ մոտ, եթե այն ձերն է...Պարզապես սիրեք:
Комментариев: 0

Անակնկալ նվեր


Մարդ արարածը երկրի երեսին գտնվող ամենաանհասկանալի, բայց և բացահայտված ու հիասքանչ էակն է: Ինձ համար շատ քիչ մարդիկ կան, ովքեր իսկապես հարազատ են ինձ, ովքեր իսկապես անկեղծ են ու բարի: Նրանք այն մարդկանցից չեն, որ ժպտում են՝ նայելով իմ աչքերին, իսկ ետևից՝ կեղծ քմծիծաղում: Ես անչափ սիրում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես իմ սրտում են: Այդ մարդկանցից մեկն էլ՝ Անահիտն է՝ իմ ամենամտերիմ ընկերը: Ընկեր, որի հետ կարող եմ կիսել իմ սրտի գաղտնիքները. անձնավորություն, որ իր մեջ է խտացրել մարդկային բարոյական արժեքների մի ողջ գանձարան: Վերջապես նա մի ընկերուհի է, ով ատում էր սուտը և ինչպես ինքն էր ասում՝ փորձում էր չստել: Մենք միմյանց առանց վարանելու կարող էինք ասել. «Սա սխալ է, իսկ սա՝ ճիշտ»: 
Ինձ համար նա շատ թանկ և հոգեհարազատ մարդ է, իսկ նրա ծննդյան տոնը անփոխարինելի և հիշարժան մի օր:
Այդ օրը ես վաղ էի արթնացել: Սովորականի պես նայեցի օրացույցին, ու դեմքիս ինչ որ փայլ հայտնվեց: Ու առաջին միտքը, որ եկավ ինձ առավոտ-գիշերով, այն էր, թե ինչ եմ նվիրելու ընկերուհուս: Ես որոշեցի գնալ զբոսնելու. «Միգուցե ինչ — որ հանճարեղ գաղափար ծնվի իմ գլխում»: Ես զբոսնում էի և հանկարծ չգիտեմ թե որ հեռու –մոտիկ ափերից հիշեցի այս պատմությունը: Երբ ես ու Անհը (սովորաբար ես նրան այսպես էի ասում) գնացել էինք ամռանը իրեց գյուղ՝ նշելու իր մայրիկի՝ տիկին Անուշի ծննդյան տոնը, նա ինձ մի պատմություն պատմեց:
Մենք այգում էինք ու ծաղիկներ էինք հավաքում տիկին Անուշի համար: Նա այդ օրն ի զարմանս ինձ տխուր էր: Եթե ավելի ուշադիր նայեի, կհասկանայի, որ դեմքին գույն չկա:
«-Անհ, ինչ է պատահել: Դու ասյօր քեզ ընդհանրապես նման չես, այդ դու չես: Հիմա պետք է թռչկոտեիր ուրախությունից, բայց փոխարենը ինձ ես նվիրում քո տխուր դեմքի արտահայտությունը:
— Լուս, դու չես հասկանա, թե ես ինչ եմ զգում:
Ես չխոսեցի այդ պահին, որովհետև հասկացա, թե ինչն էր նրան այդքան տանջում:
-Գիտես ամեն երեկո նայում եմ երկնքին այն հույսով, որ կզգամ նրա շունչը: Այնքան եմ ուզում տեսնել նրան երազիս մեջ, բայց ոչ. ես չեմ տեսնում նրան անգամ իմ երազում: Ինչու՞, ինչու՞ հայրս հիմա այստեղ չպետք է լիներ: Նա պետք է հիմա իմ ու մորս կողքին լիներ: Պիտի առավոտյան արթնացներ մորս ու շնորհավորեր, այլ ոչ թե ամեն սեղան նստելուց մեր հարազատներն ասեն, որ փառք այդ մեծն հայրենասերին: Ես էլ չեմ հավատում, սուտ է այդ ամենը: Թող չմահանար, թող ինձ հետ մնար, ես աշխարհում ամեն ինչից շատ նրա կարիքն եմ զգում:
Ու հեկեկում էր նա, իսկ ես շփոթված էի, բայց հավաքվեցի ու ասացի.
-Անհ, Անհ ջան, իմ սիրուն, իմ խելոք Անհ: Չէ որ դու գիտես, որ հորդ հիշատակը դու պետք է բարձր պահես՝ լինելով նրա պես հպարտ ու ուժեղ, արի ու հզոր, այլ ոչ թե թույլ: Նա գնաց ու զոհվեց. զոհվեց հանուն շատ մայրերի ու երեխաների ապահովության: Նա փրկեց շատ զավակների կյանք, որոնք այժմ ապրում են: Աստված սիրեց հորդ ու դուք հիմա կաք: Կան և այն մարդիկ, որոնց ազատության համար պայքարել է հայրդ: Դու նրա զավակն ես. լացը քոնը չէ:
— Ես ուզում եմ գոնե մի նկար կամ մի բան, հասկանում ես ինչ-որ բան նրանից ունենալ, ուզում եմ ամեն գիշեր նայել նրա նկարին ու զգալ նրա շունչը:
Գիտես հայրս մի թալիսման է ունեցել, որն իր ընկերոջ մոտ է, իսկ նա Աստված գիտի, թե որտեղ է: Ախ, այնքան կուզեի, որ այդ թալիսմանն աժմ ինձ մոտ լիներ:
-Բայց հայրդ նամակներ է գրել պատերազմի տարիներին մորդ: Նա միշտ հիշել է ձեզ, հիշել է, որ նորածին բալիկ ունի ու հենց հանուն քեզ նա շտապել է պատերազմի դաշտ:
-Լավ է այդ նամակները կան, իսկ թալիսմանն ...
Ու նա կանգ առավ.այլևս չխոսեց»:
Ես այս պատմությունը հիշեցի ու ինչ-որ մի միտք սկսեց ինձ տանջել ու ես առանց մի րոպե անգամ վարանելու շտապեցի Անահիտենց տուն, իսկ նա դեռ քնած էր: Ես շտապեցի տիկին Անուշի մոտ: Խնդրեցի նրանից Անահիտի հոր պատերազմի ժամանակ գրած նամակները՝ պատճառաբանելով, թե պատմության ռեֆերատ եմ պատրաստվում գրել: Ես վերցրեցի նամակները ու սկսեցի մեկիկ-մեկիկ ընթերցել դրանք: Կարծես թե այս մութ պատմության մեջ, որ ես ինքս էի ստեղծել, բայց և որին այնքան հավատում էի, երևում էր իրականություն :Նամակներից մեկում գրված էր, որ հայրը խրամատում կորցրել է թալիսմանը, որը նրան օգնում էր ամեն տեղ ՝ թե աշխատանքում, թե պատերազմի դաշտում և ցանկացած այլ իրավիճակում: Իսկ հաջորդ նամակում ես ընթերցում եմ, որ Արթուրը գտել է այդ թալիսմանը: Ես առանց վարանելու վազեցի տիկին Անուշի մոտ ու հարցրեցի Արթուրի որպիսության մասին: Նա ինձ ասաց, որ Արթուրի մասին հինգ տարի ոչինչ չի լսել, միայն գիտի, որ Օձուն գյուղում էր ապրում: Թեև տիկին Անուշը շատ էր զարմացած, բայց քիչ հարց էր տալիս. նա պատրաստությունների մեջ էր:
Իսկ ես, որ այնքան հավատում էի Արթուրին, շտապեցի ավտոկայան: Նստեցի առաջին իսկ պատահած երթուղայինը. ճանապարհ դեպի Օձուն: Ես ճամփին շատ էի մտածում, իսկ միգուցե այդ պարոնն այնտեղ չլինի:
Երբ հասա գյուղ, առաջին իսկ պատահած անցորդից տեղեկացա Արթուրի մասին: Չ՞է որ նա Արցախյան պատերազմի մարտիկներից է. բոլորը ճանաչում էին նրան այդ գյուղում: Եվ այնքան մեծ եղավ ուրախությունս, երբ իմացա, որ Արթուրը ապրում է այդ գյուղում: Ես շտապեցի նրա տուն: Երբ ներս մտա, զգացի, որ այդքան էլ ցանկություն չունի հյուր ընդունելու: Բայց այնուամենայնիվ երկար զրուցեցի այդ ծանրաշարժ մարդու հետ, որը բավականին դժվար էր խոսում: Իսկ երբ լսեց տիկին Անուշի մասին, մանկան պես վեր թռավ: Ես պատմեցի Արթուրին Անահիտի մասին, թե ինչքան է նա երազում հոր մասին: Վերջապես ինչ-որ եզրեր գտնելով ասացի, որ ընկերուհիս պատմել է ինձ թալիսմանի մասին, որ ունեցել է հայրը: Ես հարցրեցի Արթուրին, իսկ նա ապշած ինձ էր նայում և ընդամենն այսքանն ասաց.
-Ես ու ընկերս այնքան մոտ էինք, մեր ընկերությունը նույնքան կուռ է, որքան ձերը, քանզի դու իսկապես ցանկացել ես գտնել դա ու գտել ես: Այո, թալիսմանն ինձ մոտ է: 
Ես քարացել էի. որոշ ժամանակ ոչինչ չէի ասում, բայց հետո հարցրեցի, թե ինչու չի տվել թալիսմանը տիկին Անուշին: Չէ որ Անուշը շատ թանկ է Արթուրի համար, իր ընկերոջ ընտանիքն էր, նա պետք է տար այդ թալիսմանը: Բայց թե ինչու Անահիտի հայրը չի ցանկացել փոխանցել այն ընտանքիքին, ես պարզել չկարողացա, միայն այնքան համոզեցի, որ նա ինձ տվեց թալիսմանը և դեռ ավելին՝ եկավ ինձ հետ Երևան:
Արդեն երեկո էր. մենք բացեցինք դուռն ու ներս մտանք Անահիտենց տուն: Ընկերուհուս սև և խոշոր աչքերն ինձ էին փնտրում և գտան.
-Լուսո՞, ու՞ր ես կորել:
-Սա քեզ Անհ, շնորհավոր ծնունդդ:
Լսվեց տիկին Անուշի ձայնը.
-Արթուր:
Իսկ իմ Անահիտը ապշահար ինձ էր նայում, իսկ հետո փարվեց ինձ ու շշնջաց.
-Շնորհակալ եմ: Ես քեզ շատ եմ սիրում:
Նա արյան կանչով զգաց, որ դա իր հոր թալիսմանն է: Նա կապեց այն իր թևին ու սկսեց արտասվել, իսկ ես այնքան ամուր էի գրկել, որ հանկարծ չնկատեն նրա արցունքները:
Комментариев: 0

Ձեռքսեղմում


Ես միշտ մտածում էի, արդյոք գրի առնել այս պատմությունը:Ու ինչքան մտածում էի, հասկանում էի, որ չպետք է թողնել այս ու այն կողմ ընկած թղթերի վրա, որոնք սակայն ես այնքան խնամքով էի պահում: Այս պատմությունն այնքան բարդ է, որ ես ինքս հաճախ խճճվում եմ ու անկախ իմ գիտակցությունից սկսում բարձրաձայնել, իսկ մի՞թե հնարավոր էր դա, իսկ եթե ոչ, եթե դա երազ էր: Գրելու ընթացքում հաճախ տեղիցս ցատկում եմ վեր, սկսում քայլել՝ փորձելով հասկանալ` ինչպե՞ս է դա հնարավոր: Ու գալիս եմ մի եզրակացության. հաճախ մենք զոհ ենք գնում կյանքի այնպիսի ալիքների, որոնք թվում են այնքան թեթև, բայց միաժամանակ անչափ ծանր են, ու այդ ծանրությունից սեղմվում են, վերածվում անձրևի կաթիլների: Ու մենք հանկարծ հայտնվում ենք այդ կաթիլների զարկոցից առաջացած ցավի ու տնքոցի տակ: Մենք կորչում ենք այդ փոքրիկ կաթիլների մեջ, բայց հետո, երբ ճանապարհ ենք գտնում (շատ հաճախ չենք էլ գտնում) հասկանում ենք, որ դա ընդամենը մի կաթիլ էր, բայց արդեն ավարտն է, որը միշտ լույս է բերում ճանապարհի վերջում:
Կրկին ճանապարհ: Այս անգամ այն ինձ տանում էր մի փոքրիկ քաղաք՝ Սբ.Բարբարա: Ես չէի ասի, թե այն Հունաստանի գողտրիկ քաղաքներից էր, բայց որ այն լի էր առեղծվածային մի անբացատրելի շնչով, անհերքելի է: Այն կարծես մի մագնիս լիներ, որ դեպի իրեն է ձգում յուրաքանչյուրին: Ես արդեն քաղաքում եմ: 
-Բարև ձեզ,- այս ինչ եմ ասում,- ներեցեք, յասու:
-Յասու, -պատասխանեց ինձ շփոթված, ոտքից գլուխ ինձ զննող մի երիտասարդ:
Այս տղան մի խեղճ ու կրակ ձիու տեր էր, որն էլ ավելի խեղճ կլիներ, երբ իր ուսերի վրա զգար երկու ճամփորդի ծանրություն: Ես բավականին քայլել էի ու շատ հանկարծակի նկատեցի նրան:Նա ինձ պատահած առաջին անցորդն էր այս քաղաքում: Երեսուն րոպե քայլելու ընթացքում առաջինը հանդիպեցի նրան ու պետք է խոստովանեմ` անչափ ուրախ էի, քանի որ նա իր հետ փոխադրման միջոց ուներ, որը նաև կարող էր ծառայել ինձ: Հայերեն բարևելուց հետո զգացի, թե ինչքան տարօրինակ դեմք էր ընդունել, իսկ հետո, երբ անցա հունարենի ու բացատրեցի տիրող իրավիճակն, անմիջապես օգնություն առաջարկեց: Իսկ ձիու բախտը շատ բերեց, քանի որ տղան միայն ինձ առաջարկեց նստել: Ես զգում էի, որ իմ հոգու և մարմնի ծանրությունը խիստ ճնշում է ձիուն, բայց նա մաքառելով հասավ այն տափաստանը, որն ինձ անհրաժեշտ էր: Անմիջապես ցատկեցի.
-Էվխարիստո (շնորհակալություն),-ասացի ու շարունակեցի հունարենով,- ես եկել եմ այստեղ հնագիտական պեղումների համար: Դուք երևի տեղացի՞ եք…Հանկարծ կանգ առա, կիսատ թողեցի հարցս ու անմիջապես սևեռվեցի մի բանի վրա, որն աչքիցս չէր կարող վրիպել,-ներեցեք այս ինչ ձեռք է կախված ձեր գրպանից:
Նա շփոթվեց, բայց այնպես ծածուկ կերպով հանգստացրեց իր ներքին խառնված վիճակը, որ եթե հանկարծ ստեր, ես պարզապես կհավատայի: 
-Օ՜, սա՜, սա ընդամենը խաղալիք է :Այն պատրաստված է հասարակ կավից: Մենք` տեղաբնիկներս, սովորություն ունենք երեխաների համար այսպիսի խաղալիքներ պատրաստելու, իսկ դուք որտե՞ղ եք իջևանելու:
Նրա պատասխանը չբավարարեց ինձ ու դա մեծ սխալ էր նրա կողմից:
-Եկեղեցուց քիչ հեռու. չեմ սիրում շքեղ կացարաններ: Ներեցե՛ք, իսկ կարող եմ մոտիկից նայել այդ ձեռքը:
-Այո, իհա՛րկե, համեցե՛ք մեր տուն: Ես քրոջս, եղբորս և հայրիկիս հետ եմ բնակվում: Ես ձեզ շատ այլ իրեր ցույց կտամ:
-Կներեք, բայց չեմ կարող :Հասկանում եք, վաղն ինձ համար կարևոր օր է,- մի կողմից էլ իմ կարճ պատասխանը նրան գցեց մտածմունքների մեջ: 
Ես չհամառեցի նայել այդ ձեռքը, որը հասարակ արձան չէր, այլ հնագիտական մի նմուշ: Ես հասկացա, որ այդ երիտասարդը չեր ցանկանում, որ այդ ձեռքը հայտնվեր ինձ մոտ: Դա ևս մեկ անգամ համոզեց ինձ այն մասին, որ դա մի առեղծվածային արձանիկ էր:
-Ցտեսություն ,-պատասխանեցի ես ու արդեն հեռանում էի, երբ երիտասարդը մեկնեց իր ձեռքը` ցտեսություն մաղթելու համար: Արձանիկը համընթաց շարժվեց նրա ձեռքի ուղղությամբ, բայց ես այդպես էլ չկարողացա դիպչել այդ աներևակայելի ուժով օժտված արձանիկին: Ձեռքսեղմում, և ես հեռացա: 
Ես արդեն իմ կացարանում եմ: Վերջինս բավականին համեստ սենյակ էր, որն աչքի էր ընկնում հունական զարդաքանդակների նուրբ շքեղությամբ և դորիական որոշ տարրերով: Որոշ ժամանակ անց, երբ բավականին տնտղել էի սենյակս, որոշեցի ծանոթանալ տեղանքին և տեղի բնակչությանը, իսկ դրա լավագույն միջոցը այցելություն ճաշարան: Պետք է ասեմ, որ հույները բավականին համեղ կերակրատեսակներ ունեն, բայց ես նախընտրեցի ավելի թեթև ուտեստ, որն ինձ բարեհամբույր վերաբերմունքով և մեղմ հայացքով մատուցեց միջին տարիքի մի կին: 
-Շնորհակալություն, այստեղ շատ համեղ են պատրաստում:
-Օհ, աղջնակս, դու երևի այստեղի՞ց չես: Բարբարա քաղաքում ամեն ինչն են պատրաստում շատ համեղ, իսկ գաղտնիքը` հենց արևի շողերից սնուցված բանջարեղեններն ու մրգերն են : 
Այս կինը, որ մեծ սեր ուներ զրուցելու, մի քանի ժամ միայն պատմեց, թե ինչպիսի ուտեստներ ունեն, բայց ես արդեն ձանձրացել էի ու որոշեցի օգտվել նրա շատախոսությունից` ուղղելով նրան ինձ հետաքրքրող հարցերը:
-Տիկին, իսկ Ձեր քաղաքի « Բաց քար» տարածքը որտե՞ղ է: Ես այնքան շատ եմ լսել դրա մասին: Ասում են այն իսկական բաց թանգարան է: Այնտեղ կգտնես ամենազարմանալի և հրաշալի արձանիկները:
-Այո, այո…Բայց այստեղ բոլորը վախենում են այցելել այնտեղ այս դեպքից հետո: Մի երիտասարդ….Օհ,օհ, այս ինչ եմ անում, նորից թռցրեցի…Ես չպետք է պատմեի, իսկ ուրիշ ի՞նչ եք կամենում,-շփոթված ու այլալված պատասխանեց տիկինը:
Իսկ ես շտապեցի նրան ընդհատել.
-Ոչ, ոչ ասացեք, ես այսուհետ այստեղ եմ բնակվելու, միևնույն է վաղ թե ուշ կիմանամ: Կարող եք վստահել ինձ: 
Ես զգում էի, որ այս կինը վախենում էր ինչ-որ բան ասել, բայց իմ հետաքրքրությունը հասել էր գագաթնակետին. անպատճառ պետք է պարզեի, թե ինչ պատմություն է կապված այն տարածքի հետ, որտեղ ես պետք է պեղումներ իրականացնեի: Այդ տեղը միշտ էլ ինձ գրավել է: Ես շատ էի կարդացել «Բաց քարի» մասին: Այն յուրատեսակ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ բոլոր ներկայացված իրերը գտնվել էին հենց նույն տարածքից: Ըստ ավանդության այնտեղ է գտնվել «Կավե գլուխը», որը մոգական ուժ ունի և ընդունակ է վերացնելու բոլոր տեսակի հիվանդությունները և հավերժական առողջություն պարգևելու: Ու հենց այս հույսն էլ ինձ բերել էր այստեղ: Դա իմ նպատակն էր ` գտնել այդ արձանիկը: Ես չէի ցանկանում այս կերպ գումար աշխատել կամ հարստացնել իմ նմուշների ցանկը: Ոչ, ես համակված էի այն հույսով, որ կհասնեմ իմ նպատակին և կգտնեմ երազանքներիս երևակայական արձանը: Ես ցանկանում էի զգալ այդ մոգական արձանի շունչը.արդյոք դրա մասին ավանդապատումները համապատասխանում են իրականությանը: Բայց ինձ մանրամասն տեղեկություններ էին պետք այդ տարածքի մասին: Դա էր պատճառը, որ ես ստեցի կնոջը` հարցնելով, թե որտեղ է գտնվում «Բաց քարը»:
Վերադառնամ ինձ մեծ օգնություն ցուցաբերած տիկնոջը:
Ես դեռ ճաշարանում եմ.
-Լավ, տիկի՛ն, քանի որ դուք այդքան համեղ կերակուրներ ունեք, խնդրում եմ, բերեք ինձ հինգ տեսակի ավանդական հունական ամենաթանկարժեք ուտեստները: 
Այս թմբլիկ դեմքով կնոջ փոքրիկ աչքերը փայլեցին` լսելով իմ ճոխ պատվերները: 
Այո՛, իմ սիրելի՛ ընթերցող, ինձ ուրիշ միջոց չէր մնում. ես պարզապես կաշառեցի խեղճ տիկնոջը:
Անցավ որոշ ժամանակ, և իմ առջև բացված էր մի տեսարան, որը միայն շատ քաղցած երեխան կարող էր իր երազում տեսնել, իսկ ես ի հակառակ այդ ամենին ամենևին քաղց չունեի և ինձ համար բավական տհաճ էր այդ տեսարանը` ուտելիքների փառահեղ շքերթը:
-Խնդրեմ աղջիկս, այս ամենը քոնն են, բոլորն իմ ձեռքով են պատրաստված :այիր, հապա այստեղ նայիր, ամեն ինչ կա, տեսակ-տեսակ ,գիտես չէ նրանք անմահական են,-ոգևորված և արագ-արագ խոսում էր տիկինը, որի այդ անչափ երջանիկ տրամադրությունից օգտվեցի ես:
-Այո, ես համոզված եմ, տիկին: Ինձ շատ է դուր գալիս ձեր քաղաքը, ես վաղն ևեթ կգնամ զբոսանքի և անպայման կայցելեմ Բաց քար:Երևի ուշագրավ տեղ է.ախ, անհամբեր դրան եմ սպասում,- ես ստիպված էի այս ամբողջ խաղը խաղալ, բայց ես չէի կարծում, որ այս կինը ինձ կհամոզի ուտել այդ ամբողջ կերակուրը, դե ես էլ զոհ գնացի նրա ստիպողաբար ինձ կերակրելուն, բայց փոխարենը նա ինձ հետ խոսեց և այն էլ կարևոր բանի մասին.
-Աղջիկս, ես քեզ մի խորհուրդ եմ տալիս,մի գնա այդ տեղը:Հասկանում ես առաջ մարդիկ այնտեղ այցելում էին, քանի որ դա մի շատ հաճելի և գեղեցիկ վայր էր, բայց դեռ վերջերս, մի երիտասարդ,-նա ձեռքի մի շարժումով ինձ իր մոտ կանչեց, որ մեզ լսող չլինի ու շարունակեց,-վերջերս, մի երիտասարդ զբոսնում էր այնտեղ և ցանկացել է ծաղիկներ հավաքել, հանկարծ նա ուշագնաց է եղել :Բոլորն ասում են, որ այդ ծաղիկներից է, իսկ երբ նրան տուն են տարել, նրա աչքերի տակն ամբողջությամբ այդ նույն ծաղիկների գույնին էր:Հասկանում ես մինչև այժմ այդպես է նրա վիճակը, նա տանից անգամ դուրս չի գալիս: Պատկերացնում ես դա աղետ է. բնությունն ինքը մեզ վնասում է: Շատերը ցանկացել են արմատախիլ անել, բայց անմիջապես վարակվել են ծաղիկներից: Մենք` տեղացիներս, իրար ճանաչում ենք ու գաղտնի ենք պահել դա: Իսկ գիտես, որն է ամենաապշելին, որ նա առողջ է, լրիվ առողջ, պարզապես աչքերի տակ այդ շրջաններն են հայտնվել: Այո, այո, այդպես մի նայիր ինձ, ես լրիվ ճիշտն եմ ասում, դու կեր, կեր ու մի գնա այնտեղ, դու էլ կվարակվես ու հետո, էհ, Աստված գիտի ինչ կլինի:
-Իսկ այդ տղան երբևիցե բողոքել է իր առողջությունից,-հարցրի ես:
-Ոչ, ոչ,-պատասխանեց տիկինը:
Այս կնոջ պատմած պատմությունն ինձ այնքան էր ապշեցրել, որ ես հարցրեցի, թե որտեղ է բնակվում այդ տղան:Պատճառաբանեցի, թե օգնելու նպատակով, բայց ինչին օգնես, եթե այդ մարդն առողջ է, ուղղակի իր աչքերի տակ այդ կասկածելի ծաղիկների գույնի շրջանակներն են, որոնք չեն անցնում: 
Տիկինը, որն արդեն ինձ բավականին տեղեկություններ էր տվել, բացատրեց,թե որտեղ է ապրում տղան: Իսկ թե այդ ինչ բույս է, որ այդպես ազդում է մարդկանց վրա, ես պարզել չկարողացա. կինը չգիտեր.
-Աղջիկս,-ասում էր ինձ տիկինը, -դու մի խառնվիր, անգամ մեր բժիշկը `պարոն Բատսոսը, չի կարողացել պարզել հիվանդության գաղտնիքը:
Եվս մի անձնավորություն, որ գրավեց իմ ուշադրությունը:Ես պարզեցի նաև նրա բնակվելու վայրը: Անչափ շնորհակալություն հայտնելով տիկնոջը` ես հեռացա ճաշարանից, երբ արդեն վեցն անց էր: Իմ մտքում երկու անձնավորություններ էին` երիտասարդ տղան և բժիշկ Բատսոսը: Իսկ Կավե գլխի մասին մոռացել էի որոշ ժամանակ, քանի որ այս նոր արկածային պատմությունը պարուրել էր ինձ իր ողջ հետաքրքրությամբ :
Ուղևորվեցի երիտասարդի մոտ:Ես նրանց տանն էի, թակում էի դուռը, իսկ այն բացում է շատ գեղեցիկ դիմագծերով մի աղջիկ, որը հազիվ տասը տարեկան կլիներ:Վերջինս ինձ քաղաքավարի բարևեց:Մենք զրույցի բռնվեցինք:Ես իմ հաճելի զրուցակցին ասացի, որ հնագետ եմ,լսել եմ, որ այդ տանը երիտասարդ կա հիվանդ, եկել եմ օգնելու: Մենք զրուցում էինք, հանկարծ դռանը մոտեցավ այն նույն երիտասարդը, որն ինձ իր ձիով բերել էր այս քաղաքը:
-Օհ, այդ դուք եք, ինչպես եք, -անմիջապես հարցրեց ինձ,-ներեցեք ,ես մոռացա ներկայանալ: Անունս Մանոս է, սա իմ քույրիկն է ` Մարիան: 
Մենք դրսում էինք կանգնած, բայց որոշ ժամանակ անց արդեն տանն էինք: Այ քեզ զարմանք, այս տունը մի յուրովի փոքրիկ թանգարան էր, որի աջ անկյունում գտնվող պահարանի վրա կար քսաներկու փոքրիկ կապիկների արձանիկներ:Զգացվում էր, որ պատրաստված էին բռոնզից: Ես այնքան ուշադիր էի նայում, որ հասցրեցի դրանք արագ հաշվել:
Ես հիացմունքս էի արտահայտում այս ամենի մասին, երբ հանկարծ կողքի սենյակից լսվեց մի այլ տղայի ձայն.
-Եղբայր,կմոտենաս,-ես հասկացա, որ դա այն երիտասարդն էր, որը վարակվել էր առեղծվածային հիվանդությամբ: Նա Մանոսի եղբայրն էր: 
Կողքի սենյակից լսվեց երկու եղբայրների խոսակցությունը.
-Մանոս, որտեղից հայտնվեց այս աղջիկը: Շուտով բժիշկն է գալու, նա ինչ-որ նորություն ունի: Ես դեռ ամաչում եմ այս տեսքով դուրս գալ:
-Լավ ես մի բան կմտածեմ, որ նա չտեսնի բժշկին,-պատասխանեց Մանոսը:
Ես ձևացրեցի, որ ոչինչ չեմ լսել և առաջարկեցի Մարիային ցույց տալ իր սենյակը:Նա համաձայնվեց, և մենք գնացինք մի շատ գունագեղ և գեղեցիկ սենյակ: Դա նաև Մանոսի ցանկությունն էր: Շուտով եկավ բժիշկը: Ես անկախ իմ գիտակցությունից անընդհատ ցանկանում էի դուրս գալ և տեսնել բժշկին: Բայց ես որոշեցի դուրս գալ` պատճառաբանելով, որ մի բաժակ ջուր եմ ցանկանում:Ես ու Մարիան գնացինք խոհանոց, ու ես ծածուկ տեսա բժշկին և լսեցի այս խոսքերը.
-Մանոս, դա կախարդանք է, ես վերջնական համոզվեցի դրանում: Այդ ծաղիկները աճում են միայն մի միասնական քարի վրա:Երբ այդ քարը մասնատվում է, ծաղիկները սկսում են բացասական ազդեցություն թողնել, այսինքն կախարդում են: Դեռ ավելին կասեմ, որոշ ժամանակ անց ծաղիկները կսկսեն ավելի ուժեղ ազդել:Եթե կարողանանք այդ քարը գտնել և կրկին գեթ մի սերմ ցանել այդ քարի վրա, որ նոր ծաղիկ աճի, այդ դեպքում մնացած ծաղիկները կկորցնեն իրենց բացասական ազդեցությունը:Ես ,չկարողանալով զսպել ինձ, միջամտեցի նրանց զրույցին.
-Այո բացասական ազդեցությունը կկորչի, եթե այդ ծաղիկները աճեն նորից այդ քարի վրա, սակայն մարդկանց հիվանդությունը չի վերացվի:
-Ո՞վ եք դուք,-հարցրեց ինձ բժիշկ Բատսոսը:
Ես չներկայացա, իսկ փոխարենը շարունակեցի.
-Այո, մարդկանց հիվանդությունը չի վերացվի:Եթե հիվանդն ինչ-որ կերպ կարողանա ազդել քարի վրա կամ հակառակը, նոր կվերացվի հիվանդությունը: Ինձ մի բան է բերել ձեր հիասքանչ ու անհասկանալի քաղաքը` կավե գլխի որոնումը, որը հենց այդ քարի մի մասն է:Այդ քարի անունը ԿԻՍԱՄԱՐԴ է, դա բաղկացած է գլխից, մի ձեռքից և մի ոտքից: Եվ դեռ մի բան ասեմ, Մանոս այդ ձեռքը, որ առավոտյան ես տեսա քեզ մոտ, ցույց տուր ինձ խնդրում եմ.
-Ի՞նչ, բայց ես այն գտել եմ մեր տան մոտից, ես գիտեի, որ այն թանկարժեք մի իր է, դրա համար չէի ցույց տալիս ոչ ոքի, ես դրա համար ստեցի Ձեզ, ներեցեք, պարզապես չէի ցանկանում,որ այն կորցնել:Վերցրեք, խնդրեմ,-զգույշ,բայց ձեռքը դողացնելով ինձ տվեց Մանոսը:
Բժիշկ Բատսոսն ապշած նայում էր, որովհետև հասկացավ, որ դարերն էին խոսում այդ ձեռքի մեջ, որ դա հենց նույն ԿԻՍԱՄԱՐԴԻ ձեռքն էր:
Մանոսի եղբայրը, որ տան ետևի մուտքով դուրս էր եկել, որ չտեսնեմ իրեն, տեղյակ չէր ոչնչից, իսկ փոքրիկ Մարիան զարմացած ու ակնապիշ նայում էր եղբորը:
Մենք բոլորով գնացինք իմ կացարան:Իմ անբաժան հնագիտական գիրքը, որը Կերամն էր գրել, ինձ մոտ էր: Մենք նայեցինք բոլոր նկարները.
-Տեսեք այս նույն նշանը պատկերված է այս ձեռքի վրա,նկարում այն ևս կա:Սա հենց ԿԻՍԱՄԱՐԴԻ ձեռքն է:Իսկ գլուխը, ես դեռ հույս ունեմ գտնել, պետք է պարզել, թե ինչպես են դրանք առանձնացել իրարից,- պարզաբանում էի, բայց այնքան էի հավատում, որ դեռ կա և գլուխը, և ոտքը:
-Ձեր քաղաքում միայն կայծակն է ավերիչ գործողությունների հիմք դառնում և քար կիսում: Ինձ թվում է քարը կիսվել է կայծակից, կայծակն էլ ցիրուցան է արել մասերը,- շարունակում էի ցույց տալ այդ փաստերը գրքերի միջոցով:
-Այո, դե իհարկե ուղիղ մի ամիս առաջ կայծակից մահացավ իմ ամերիկացի հարևան Բոբը: Նա այգում աշխատում էր, երբ հանկարծակի նրան հարվածեց հուժկու կայծակը.Բոբը մահացավ: Հենց նման մի կայծակէլ կարող էր կիսել քարը: Դրանից հետո մեզ մոտ կայծակներ չեն եղել,- ասաց բժիշկ Բատսոսը:
Մենք ուղևորվեցինք անմիջապես պարոն Բատսոսի տուն, բայց չկարողացանք որևէ բան պարզել:
Արդեն երեկո էր.մութն ընկել էր:Ես արդեն բավականին մտերմացել էի իմ նոր ընկերների հետ: Մեզ միավորել էր մի ընդհանուր բան ` այս զարմանահրաշ քաղաքում լուծել այս խնդիրը, որն ինքնին մի բարդ հարց էր:Բայց չէ որ ես հենց այդ մտադրությամբ էի եկել: Հայտնաբերել կավե գլուխը, որը ԿԻՍԱՄԱՐԴԻ մի մասն է: Ես խնդրեցի բժշկին էլ ավելի մանրամասն տեղկություններ բացահայտել այդ ծաղիկների մասին, քանի որ ես հաջորդ օրը պետք է գնայի Բաց քար` սկսելու իմ հետազոտական աշխատանքները: Բժիշկը համաձայնվեց ինձ օգնել: Մենք գնացինք մի գողտրիկ սրճարան, որտեղ սրճելուց հետո բաժանվեցի բարեկամներիցս:
Ես չկարողացա անմիջապես քնել. ինձ անընդհատ տանջում էին այս մտքերը:Լեգենդ, մենք հաճախ մտածում ենք, որ սա անիրական մի բան է, բայց ոչ, այս ամենն իրականություն էր չէ: Ես մերթ վախենում էի այս տարօրինակ ու անբացատրելի երևույթներից, մերթ հիշում, որ այս ամենը մասնագիտական տեսանկյունից հաստատված է. չպետք է երկնչել ու ետ կանգնել: Ես այնքան մոտ էի իմ երազանքի իրականացմանը, քանի որ այն կհարստացներ ոչ միայն իմ հնագիտական գտածոների շարքը, այլև մի նոր պատմության էջ կբացեր:Ես ՞տարված էի այս մտքերով, երբ հանկարծ դռան թակոց լսեցի:
Լուսադեմ էր.ժամը հինգը: Բժիշկ Բատսոսն էր. նա ներողություն խնդրեց և ներս եկավ: Մենք մի փոքր զրուցեցինք: Նա ինձ մի կտոր տվեց, որի վրա հակազդող նյութ կար: Խեղճ բժիշկ. նա ամբողջ գիշեր չէր քնել, պեղել էր, գտել էր մանրամասն տեղեկություններ այդ ծաղիկների մասին: Եվ ահա կարծես թե հաջողվել էր պաշտպանվելու միջոց պատրաստել.շատ հնարավոր էր, որ գլուխը կամ ոտքը գտնվեին ծաղիկների շուրջը: Ես շատ շնորհակալություն հայտնեցի նրան:
Առավոտ է: Չնայած ամբողջ գիշերն էր ինձ համար առավոտ: Ես արդեն Բաց քարում եմ: Երազանք, ու՞ր ես դու ինձ բերել,մի վայր, որը պարզապես ցնցեց ինձ: Ես հիացմունքից քարացել էի: Բառերով չեմ կարող արտահայտել զարմանքս ու սրտիս տրոփյունը: Իսկապես չգիտեմ ինչպես նկարագրեմ այն պահը, երբ քայլելուց հանկարծ ոտքս դիպավ մի քարի: Այն տեղաշարժելուց հետո տեսա մի կավե ոտք Նույն նշանը. այն էր ինչ պետք էր: Ինչ ես փնտրում էի, բայց ամենակարևորը ` կավե գլուխը, դեռ չկար: Ինձ երկար ու ձիգ փնտրտուքներ էին սպասվում: Այս պեղումներս անհաջող անցան: Ես չգտա կավե գլուխը: Վերադարձա միայն այդ ոտքի տեսք ունեցող արձանով: Երեք օր շարունակ ես փնտրում էի, բայց արդյունք չկար, բայց հասկանում էի, որ պետք է շտապել:
Արդեն մի շաբաթ է անցել ինչ ես Բարբարա քաղաքում եմ: 
Յոթերորդ օրվա առավոտը. ես արթնացա ու որոշեցի զբոսնել այգով: Իմ պատուհանի տակ իր ողջ եդեմական գեղեցկությունն էր սփռել մի չնաշխարհիկ պարտեզ: Ես միայնակ էի, բայց հանկարծ դեպի ինձ վազեց փոքրիկ Մարիան: 
-Ողջուն, ողջույն, ողջույն,Յասու, յասու…,- փոքրիկ գեղեցկուհին երգում էր: Որոշ ժամանակ անց ես միացա նրա երգին: Մենք երգեցինք, իսկ հետո փոքրիկ աղջնակն առաջարկեց բռնոցի խաղալ: Մինչև հիմա ես այնքան երջանիկ եմ, քանզի չեմ մերժել նրան: Որովհետև, եթե մերժեի, չէի հայտնվի այնտեղ, որտեղ…
Տարվելով խաղով` մենք հեռացանք պարտեզից ու հայտնվեցինք մի ամայի տափաստանում, որտեղ Մարիան անզգուշաբար բախվեց մի մեծ քարի: 
Ես չէի կարող երևակայել, որ մանկական խաղի ավարտը կբերեր իմ երազանքների կատարմանը.Կավե գլուխը գտնված էր: 
Ես և Մարիան ուղևորվեցինք Մանոսենց տուն: Բժիշկն այնտեղ էր: Նա ապշած նայում էր ինձ և Մարիային:Իսկ հետո, երբ միացրեցինք ԿԻՍԱՄԱՐԴԻ բոլոր մասերը, շտապեցինք դեպի Բաց քար, Մանոսի եղբայրը մոտեցավ այդ քանդակին:Իսկ նա ոչինչ չարեց. պարզապես ձեռքսեղմում ԿԻՍԱՄԱՐԴԻ հետ և հիվանդության վայրկյանական անհետացում: Նրա աչքերը սկսեցին փայլել պարզ արևի տակ: Ու դրանից հետո շատ մարդկանց աչքեր փայլեցին ու հավերժական առողջությունը հյուր եկավ այդ քաղաքը: 
Մի ձեռքսեղմում, որն իր մեջ խտացրել էր դարերի պատմությունը առեղծվածային լեգենդի տեսքով:
Պտտվում է կյանքի անիվը: Մենք կապված ենք անցյալի հետ, կապված ենք ներկայի հետ: Անցյալն ազդում է ներկայի վրա:Ժամանակ, որ լուծում է ամեն խնդիր: 
Եվ չզարմանաք, եթե մի առավոտ արթնանաք ու ձեր առաստաղին տեսնեք մումիայի հայացք: Ամեն վայրկյան մենք կարող ենք ճանապարհորդել Ժամանակի մեջ, տեսնել, զգալ այն: Դա կարող է միայն մարդը:Այստեղ ձեռքսեղմումը, մի տեղ համբույրը կամ մի այլ բան: Առասպելները լոկ պատմություններ չեն. նրանք մեզ հետ են, քանզի խառնվել են ժամանակի սլաքներն ու ուղղությունները:
Комментариев: 0

Կրթության կարևորությունը / դերը իմ կյանքում եվ ժամանակակից աշխարհում


Երբ մտորում եմ կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում եմ իմ անցած ուղին: 
Ես ծնվել ու հասակ եմ առնում մտավորական մի ընտանիքում, ուր միշտ կարևորվել է կրթության դերը: Ինձ միշտ շրջապատել են բազմաթիվ ու տարաբնույթ գրքեր: Իմ ականջը սովոր է եղել միշտ լսել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ելևէջների մասին: Իմ ծնողներն ինձ միշտ ներշնչել են այն գաղափարը, որ լիարյուն և լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով: Եվ այդ մտայնությունը ինձ տարավ մեր պատմության խորքերը` դեպի ոսկեդար, երբ ժամանակի մեծագույն մտածողներ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հասկացան, որ սեփական գիրն ու գրականությունը միայն կարող են դառնալ ազգային հաստատուն կրթության հիմքը:
Դրանից հետո անցել են բազմաթիվ դարեր: Մենք ունենք նույնիսկ մեծ ու հզոր ազգերին պատիվ բերող քնարերգություն, գրականություն, ստեղծել ենք նյութական ու հոգևոր մեծ արժեքներ: Մեր արյունից մի կաթիլ ենք տվել համաշխարհային քաղաքակրթությանը:
Աշխարհն այսօր ապրում է քսանմեկերորդ դարը: Այսօրվա սերունդը ժառանգել է իրենց պապերի ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները, քաղաքակրթության ողջ գանձարանը: Բայց եթե որևէ սերունդ կանգ առնի այդ առաջընթացի ճանապարհին, դա կլինի կյանքի ու աշխարհի վերջը. չէ՞ որ հողագունդն էլ ապրում է շարժման մեջ:
Եվ այսօր, առավել քան երբևիցե, կարևորվում է կրթության դերը: Հայ երիտասարդները ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ: Եվ կանգ առնել` նշանակում է դուրս մնալ այդ ուղեծրից: Իհարկե՛, այժմ հասարակության մեջ շատ չեն այն աշակերտները, որոնք գիտակցում են հային արժանավայել կրթություն ստանալու ողջ կարևորությունը: Ինչու՞ այսօր խելացի հայ մասնագետները` որպես բարձրակարգ կադրեր, պետք է աշխատեն այլ պետություններում և զարգացնեն ու հզորացնեն օտար երկրները: Ես էլ հայի զավակ եմ, և ի՞նչ. տարիներ հետո, երբ ես լինեմ միջազգային ստանդարտներին համապատասխան մասնագետ, ես է՞լ պետք է աշախատեմ այլ երկրի համար: Երբե՛ք, կրթությունն իմ կյանքում աննկարագրելի դեր ունի: 
Այսօր ես գերազանց եմ սովորում, քանզի գիտակցում եմ, որ գրագետ ու բազմակողմանի զարգացած լինելը և մասնագիտություն ունենալը կյանքում ամուր ոտքերի վրա կանգնելու գրավականն են. դրա իրականացման առաջին քայլն ընձեռում է դպրոցը: 
Դպրոցն ինձ համար կարծես մի մեծ բազմանկյուն լինի: Երբ ես սկսում եմ միացնել այդ բազմանկյան տարբեր ծայրերը, ինձ համար բացվում են շատ փակ դռներ ու ճանապարհներ. հեռվից ինձ ժպտում է բազմախոստում ապագան:
Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը: Քանի որ մեր երկիրը չունի բնական ռեսուրսներ, երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցը: Իսկ ի՞նչ է նշանակում ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց: Դա նախ և առաջ համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ և արտոնյալ առարկաներ: Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն: Զուր չեն ասում, որ մարդկության <<ամենամեծ>> հարստությունը տեղեկատվությունն է: Ժամանակակից կրթության այլ կարևոր բաղադրիչներ պետք է հանդիսանան համապատասխան որակավորմամբ դասավանդողները, սովորողների ընտանիքների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, սովորողների առողջության վատացումը բացառող պայմանների առկայությունը, ուսուցման տարբեր ձևերի` դասախոսությունների, գործնական պարապմունքների, խաղերի, մտավոր խնդիրների առաջադրման և այլ մեթոդների կիրառումը: Դպրոցում նշված բաղադրիչները պետք է հանդես գան միաժամանակ, լինեն ներդաշնակ և գործեն նպատակամղված, որի արդյունքում կունենանք բազմակողմանի զարգացած, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու:
Ես կոչ եմ անում կրթությանն առնչվող բոլոր սրտացավ ու բանիմաց մարդկանց միասնաբար շարունակել ժամանակակից դպրոցի կերտումը:
Եկե՛ք, համայն աշախարհի հայեր, եկե՛ք միասին հզորացնենք մեր կրթական համակարգը և հասնենք նրան, որ մեծն Խորենացին նայի երկնքից և ժպտալով ասի. <<Հպարտ եմ քեզնով, հայո՛ց աշխարհ, փառաբանում եմ քեզ` շատ ու շատ ազգերի մեջ վեհագույնիդ>>:
Комментариев: 0
Страницы: 1 2 3 4
инстаграм накрутка
все 2 Мои друзья